Ծիծեռնակը բույն էր շինել մեր տան կտուրին:
Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը գալիս, բույնը նորոգում: Գարունը բացվում էր, և նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր կտուրի տակ:
Նորից գարուն է: Մեր ծիծեռնակը եկել է, նորոգել է բույնը, ձու է ածել, ճուտ հանել: Նա ամբողջ օրը ուրախ ճիչով թռչում, կերակուր է բերում իր ճուտիկներին: Սովորական մի օր մայր ծիծեռնակը նորից եկավ և կտուցով ձագերի համար կեր բերեց: Ճուտիկները ճվճվոցով բնից հանեցին դեղին կտուցները:
Ինչպես եղավ` նրանցից մեկը, գուցե ամենաբկլիկն ու անզգույշը, ավելի շատ բնից դուրս ձգվեց ու ընկավ ներքև:
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի հետևից: Բայց հենց այդ պահին, որտեղից որտեղ հայտնվեց մեր կատուն, ճանկեց փոքրիկ ճուտը և փախավ:
Ծիծեռնակը սուր ծղրտոցով ընկավ կատվի հետևից` նրա շուրջը թռչկոտելով ու նրան կտցահարելով: Բայց ապարդյուն: Կատուն փախավ և մտավ ամբարի տակ:
Ամեն բան այնքան արագ կատարվեց: Ծիծեռնակը դեռ ծղրտոցով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած ամբարի տակ պտտեցնում էինք, որ կատվին վախեցնենք: Հետո մեկ էլ կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը` դունչը լիզելով:
Ծիծեռնակը կատվին տեսավ առանց ձագի, մի զիլ ծղրտաց, թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին: Այնտեղ լուռ նստեց: Հաջորդ պահին քարի պես ճյուղից ընկավ գետնին: Վազեցինք, տեսանք` մեռած է:
Անծանոթ բառեր
ամբար – մառան
մարագը – թաքստոց
