Օվկիանոսը աղի ջրի ահռելի զանգված է և ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն քառակուսի կիլոմետր մակերես) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3.5%, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3.1% և 3.8%–ի միջև։
Արտերկրային օվկիանոսները կարող է բաղկացած լինեն քիմիական տարրերի և միացությունների լայն ցանկից: Արտերկրային մակերեևույթի միակ հաստատված կայուն լուծույթով խոշոր մարմինները Տիտանի լճերն են, չնայած փաստեր կան արեգակնային համակարգում այլ օվկիանոսների գոյության մասին: Տեսականորեն ենթադրվում է, որ իրենց երկրաբանական պատմության սկզբում Մարս մոլորակն ու Վեներա մոլորակն ունեցել են ջրային մեծ օվկիանոսներ: Մարսի օվկիանոսային վարկածը ենթադրում է, որ Մարսի մակերևույթի մոտ երրորդ մասը մի ժամանակ ծածկված է եղել ջրով, չնայած Մարսի ջուրը այնքան էլ օվկիանոսային չէր և հնարավոր է գոլորշիացած լինի: Այնպիսի միացություններ, ինչպիսիք աղերն են և ամիակը խառնված ջրին հայտնի են որպես ջրի սառցակալման ջերմաստիճանը իջեցնող, ինչը հնարավորություն է տալիս ջրային ռեսուրսներին մեծ քանակությամբ գոյություն ունենալ արերկրային տարածքներում ծովի ջրի կամ սառույցի տեսքով:
Բաժանում
Չնայած ընդունված է տարանջատել օվկիանոսները, սակայն աղի ջրի ամբողջությունը երկրագնդի վրա կոչում են Համաշխարհային օվկիանոս։ Ջրի մասնիկների անընդհատ ազատ տեղաշարժը ունի ֆունդամնետալ նշանակություն օվկիանոսագիտության մեջ։
Օվկիանոսների բաժանման հիմք են հանդիսանում հիմնականում մայրցամաքները, արշիպելագները և այլ չափանիշներ: Առավել մանրամասն տեղեկատվության համար տես ներքևի աղուսյակը։
- Խաղաղ օվկիանոս— սկսվում է Ասիայից և Օվկիանիայից մինչև Ամերիկա
- Ատլանտյան օվկիանոս— սկսվում է Ամերիկայից մինչև Եվրասիա և Աֆրիկա
- Հնդկական օվկիանոս— ողողում է Հնդկական թերակղզու ափերը և սահմանակից է Աֆրիկային և Ավստրալիային
- Հարավային օվկիանոս— հաճախ համարվում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների մի մասը, որը շրջափակում է Անտարկտիդան։
- Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս— հաճախ համարվում է ծով, որը փակում է Արկտիկան և ողողում է Հյուսիային Ամերիկայի և Եվրասիայի հյուսիսային ափերը։
Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները հասարակածով բաժանվում են հյուսիսային և հարավային մասերի: Ավելի փոքր ջրային տարածքները կոչվում են այլ կերպ, օրինակ ծովեր, նեղուցներ, ծոցեր և այլն։
Գոտիներ և խորություններ
Օվկիանոսագետները բաժանում են օվկիանոստ մի քանի գոտիների կախված ֆիզիկական և կենսաբանական պայմաններից: Պելագիկ գոտին ներառում է բոլոր բաց օվկիանոսային տարածքները, և կարողե բաժանվել իր հերթին ըստ խորության և լույսի թափանցման: Ֆոտիկ գոտին ընկած է օվկիանոսի մակերևույթից մինչև 200 մետր խորությամբ տարածքը: Այս գոտում այն տարածքն է, որտեղ կարող է տեղի ունենալ ֆոտոսինթեզ, և հետևաբար այն ունի ամենամեծ կենսաբազմազանությունը: Քանի որ բույսերին անհրաժեշտ է ֆոտոսինթեզ, այս մակարդակից ներքև գտնվող կյանքի տեսակները ստիպված են սնվել կամ վերևից սուզվող նյութերով (տես ծավային ձյուն), կամ գտնել այլ էներգիայի աղբյուրներ, հիդրոթերմալ գազանցքները այսպիսի էներգիայի հիմնական աղբյուրներն են ափոթիկ գոտում (խորությունը 200 մետրից ներքև): Ֆոտիկ գոտու պելագիկ մասը անվանում են էպիպելագիկ: Ափոքիկ գոտու պելագիկ մասը կարող է բաժանվել շրջանների, որոնք ուղղահայաց իրար վրա են դասավորված ըստ ջերմաստիճանի: Մեզոպելագիկը ամենավերին շրջանն է: Նրա ներքևի սահմանն է հանդիսանում ջերմային թռիչքի շերտը 12°C ջերմաստիճանով, որը արևադարձային գոտիներում սովորաբար ընկած է 700 — 1000 մ խորության վրա: Հաջորդը բաթիպելագիկ շրջանն է` 10 — 4°C միջակայքում, խորությունը սովորաբար լինում է 700 — 1000 մ: Աբիսալ դաշտի վերևում է գտնվում Աբիսալպելագիկ շրջանը, որի ներքևի սահմանը ընկած է 6000 մ խորության վրա: Վերջին շրջանը պարունակում է խորը իջվածքներ, և անվանվում է հադալպելագիկ շրջան: Այն տարածվում է 6000 — 11000 մ միջակայքում և հանդիսանում է օվկիանոսի ամենախոր գոտին:
Պելագիկ ափոթիկ գոտիների հետ միասին կան նաև բենթիկ ափոթիկ գոտիներ: Դրանք համապատախանում են խորքային ծովի երեք ամենախորը գոտիներին: Բենթիալ գոտին ծածկում է մայրցամաքային լանջը մինչև 4000 մ խորությունը: Աբիսալ գոտին ծածկում է աբիսալ դաշտերը 4000 — 6000 մետր միջակայքում: Դրանից ներքև ընկած է հադալ գոտին, որը համապատասխանում է հադալպելագիկ շրջանին և գտնվում է օվկիանոսային իջվածքներում:
Պելագիկ գոտին նաև կարող է բաժանվել ենթաշրջանների, ներիտիկ գոտի և օվկիանիկ գոտի: Ներիտիկ գոտին ներառում է ջրային զանգվածները, որոնք ընկած են մայրցամաքային շելֆերի վրա, իսկ օվկիանիկ գոտին ներառում է ամբողջ մնացած բաց ջրերը: Ի հակադրություն, ծովափնյա գոտին ընդգրկում է մակընթացության ցածր և բարձր սահմանների միջև ընկած շրջանը և իրենից ներկայացնում ծովային և ցամաքային տարածքների միջև անցումային շրջանը: Այն հայտնի է նաև որպես միջմակընթացային գոտի:
Հետազոտություններ
Նավերով ճանապարհորդությունները օվկիանոսի վրայով սկսվել են նախապատմական ժամանակներում, իսկ ստորջրյա ճանապարհորդությունները և հետազոտությունները հնարավոր են դարձել միայն համեմատաբար վերջերս:
Օվկիանոսում ամենախորը կետն է Մարիանյան իջվածքը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Հյուսիսային Մարիանյան կղզիների մոտ: Նրա առավելագույն խորությունն է 10 971 մ (± 11 մետր): Բրիտանական ծովային նավ Չելենջեր II հայտնաբերել է այն 1951 թվականին և անվանել է նրա ամենախորը կետը` «Չելենջերի անդունդ»: 1960 թվականին երկու մարդկանց կողմից կառավարվող «Trieste» բատիսկաֆը հասել է իջվածքի հատակին:
Օվկիանոսի խորքային մասերի մեծ մասը դեռևս հետազոտված և նույնիսկ քարտեզագրված չէ: 10 կիլոմետրից մեծ ձևավորումների ընդհանուր պատկերը ստեղծվել է 1995 հիմնվելով մոտ ընկած օվկիանոսի մակերևույթի գրավիտացիոն խանգարումների վրա:
Տնտեսական արժեքը
Օվկիանոսները կարևոր դեր ունեն տրանսպորտային փոխադրումների համար: Քանի որ աշխարհի ապրանքների մեծ մասը տեղափոխվում է նավերով: Օվկիանոսները նույնպես հանդիսանում են նաև ձկնորսական արդյունաբերության հիմնական մատակարարման աղբյուր: Առավել զարգացած է ծովախեցգետինների, ձկների, կրաբերի և օմարների արդյունահանումը
Հետաքրքիր փաստեր
- Առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ Անիտա Կոնտին (Կարագոշյան) է։
- «Համաշխարհային օվկիանոս» եզրը 17-րդ դարում առաջարկել է օգտագործել նիդերլանդացի աշխարհագրագետ Բերնհարդուս Վարենիուսը։
- Կարծիք է հայտնվել, թե Օվկիանոս հատող առաջին հայը եղել է Մարտիրոս Երզնկացին։ Բիսկայան ծովագնացների հետ Ատլանտյան օվկիանոսով նավարկություն է կատարել Քրիստափոր Կոլոմբոսի օրինակով «նոր երկրներ գնալու համար»։
- Օվկիանոսագրական առաջին արշավախումբը սկսել է աշխատանքը 1872 թվականի դեկտեմբերի 22–ին հատուկ սարքավորված «Չելենջեր» կորվետով։
- Օվկիանոսի ամենախոր իջվածքը՝ Մարիանյան իջվածքն է՝ 11022 մ։ Այնտեղ սուզվել են 1960 թվականին շվեյցարացի Ժակ Պիկարին և ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Դոն Ուոլշին «Trieste» բատիսկաֆով և մնացել 12 րոպե։ 2012 թվականին ստորջրյա հետազոտությունների համար նախատեսված հատուկ սարքով՝ «Deepsea Challenger»–ով սուզվել է հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը և մոտ երեք ժամ ուսումնասիրել և պատկերել է Մարիանյան անդունդի խորքերը:
